Սկիզբը` այստեղ
Մեր իշխանավորների հետ առնչվող նշանավոր այրերից չտեսա՞ն Նեռի խաբեությունները, չզգուշացրեցի՞ն: Տեսան, զգուշացրեցին, շարունակում են տեսնել և զգուշացնել:
Օրինակ, ՀՀ ՍԴ անդամ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ, Ռաֆայել Պապայանը (Աստվա՛ծ հոգին լուսավորի) գրում է. «Շատ չե՞ն արդյոք զուգադիպությունները (սուրբ Գրքի զգուշացումներին:- Մ.Ո.). և՛ դրոշմի համատարած պարտադրանքը, և՛ դրա ենթադրական տեղը՝ ձեռքը կամ ճակատը, և՛ առք ու վաճառքի արգելքը դրոշմի բացակայության դեպքում, և՛ «փոքրերի» (երեխաների) համար պարտադիր լինելը, և՛ դրոշմի թվային արտահայտության հանգամանքը, և՛ այն, որ այդ թիվը ոչ թե փաստաթղթի համարն է, այլ «մարդու անվան թիվ»:
Բայց խորհրդային և գերմանական համակենտրոնացման ճամբարներում անվան փոխարինումը թվով՝ ոչ միայն իրավունքներից զրկվելու սոսկ նշան էր, այլ բոլոր իրավունքների և ազատությունների իրական վերացման:
Ակնհայտ է, որ, անկախ նրանից, թե ով ում կհամոզի, անկախ հարկադրանքի ուժից, մեր բնակչության մի ստվար մաս, հավատարիմ իր համոզմունքներին, չի համաձայնվի ստանալ նույնականացման համարանիշը: Հասկանալի է, որ ամենահետևողական հրաժարվողները կլինեն երկրի քրիստոնյա բնակչության ներկայացուցիչները, քանի որ հավատքը քաղաքական խաղ չէ, որը ենթակա է իրավիճակային (կոնյունկտուրային) փոփոխությունների:
Հայերը կյանքի գնով են պահպանել իրենց հավատքը ողջ պատմության ընթացքում, դավանափոխ չեղան ո՛չ Դեր Զորի անապատում, ո՛չ ստալինյան ճամբարներում կամ Ալթայի աքսորում, և այսօր էլ դավանափոխ չե՛ն լինի: «Անհատական ծածկագրերի մասին» ՀՀ օրենքի 10 և 16 հոդվածների համաձայն, նրանք կզրկվեն աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ ստանալու և այլ կենսական անհրաժեշտություն ունեցող գործողություններ կատարելու հնարավորությունից: Երկիրը բաժանվելու է երկու «դասի»՝ արտոնյալների և թշվառների:
Սա հոգևոր հարց է նաև այն առումով, որ Հայաստանում, որը նոր է հանդիսավոր տոնել քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, թշվառների «դասը» կազմելու են հենց քրիստոնյաները, Հայ Առաքելական Եկեղեցու ամենանվիրյալ զավակները:
ՈՒստի հիմք կա սույն օրենքի ընդունումը որակելու որպես քայլ՝ ուղղված հատկապես Հայ Եկեղեցու դեմ: Իսկ եթե անգամ բոլորն ընդունեն նորամուծությունը, սա կլինի խտրականություն հայ ժողովրդի նկատմամբ՝ արդեն ազգային հատկանիշով:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի, ազգային փոքրամասնություններն «ունեն իրենց ավանդույթների պահպանման, լեզվի և մշակույթի զարգացման իրավունք»: Ավանդույթներն ու մշակույթը խարսխված են ազգային կրոնական արժեքների վրա կամ, համենայն դեպս, այդ արժեքները հանդիսանում են դրանց բաղկացուցիչ, եթե ոչ հիմնական, մասը:
Մեր ինքնանույնացումը մենք արտահայտում ենք երկու բառերի կցումով՝ «հայ քրիստոնյա», իսկ այժմ մենք ուզում ենք այս հասկացությունները զատել միմյանցից և հակադրել՝ «ապաքրիստոնեացված» հայերին խոստանալով բարեկեցություն (որը նույնպես հարցականի տակ է), իսկ հայ քրիստոնյաներին՝ իրավազուրկ վիճակ:
Քանի որ ազգային ավանդույթների պահպանման իրավունքից զրկվածների հիմնական զանգվածը կազմելու են հայերը, հավատավոր հայ ազգը բոլոր հիմքերն ունի՝ Աստծո խորհրդանիշը Նրա հակոտնյայի խորհրդանիշով փոխարինելու իմաստի հետ կապել նաև այն, որ զուգահեռաբար, ի դեմս «Նեմրութ» կազմակերպության (տեղեկատվությունը հավաքող և պահպանող), կատարվում է ևս մեկ նենգափոխություն, որն ունի և՛ կրոնական, և՛ ազգային իմաստ. հայության խորհրդանիշ Հայկ Նահապետը փոխարինվում է իր հակոտնյայով՝ Նեբրոթով (Բելով), որը ցանկանում էր ոչնչացնել հայ ժողովրդին նրա ձևավորման արշալույսին և ընկալվում է որպես հայության պատմական և գալիք բոլոր թշնամիների խտացված մարմնացում:
Այսուհետ Բել-Նեբրոթի հսկողության տակ է ընթանալու հայության ողջ կյանքը, նրա անվան հետ է կապվելու հայի անձը: Սակայն համարձակվում եմ պնդել, որ ներմուծվող համակարգը, ուղղված լինելով Հայ Եկեղեցու և ընդհանրապես՝ հայության դեմ, ուղղված է նաև հայոց պետության դեմ:
Սուրբ Գրքում ասված է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մթս. 6: 24):
Մինչդեռ ողջ այս «միջոցառման» կրոնական մեկնաբանությունը՝ երկրորդ «տիրոջ» հայտնվելն է, մանավանդ որ օրենքի գործնական կիրառումը կապված է հենց նրան՝ մամոնային ծառայելու խնդրի հետ. ծածկագիրը նախատեսվում է աշխատավարձի, թոշակի, նպաստի, այլ եկամուտների նշանակման և վճարման համար, հարկերի, տուրքերի, սոցիալական ապահովագրման, բանկային հաշիվ բացելու և նմանօրինակ գործարքների համար (հ. 10):
Այս թվային նիշը կոչված է ստիպելու մարդկանց՝ երկու տերերից ջանադրաբար ծառայել Աստծո հակոտնյային (մամոնային):
Եվ ինչպես նման օրերին է բնորոշ, այս օրերին հայտնվում են սուտ մարգարեներ և սուտ քրիստոսներ, քարոզելով, թե՝ մոտ է աշխարհի վախճանը: Մինչդեռ Հիսուս աշխարհի վախճանի կամ իր գալստյան մասին այլ բան է մեզ զգուշացնում.
«Բայց այդ օրվա և ժամվա մասին ոչ ոք չգիտե. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»: Այսինքն, Ինքը՝ տերերի Տերն էլ է խոստովանում, որ տեղյակ չէ աշխարհի վախճանի ստույգ ժամկետի մասին, բայց վախճանաքարոզները պնդում են, թե Քրիստոսից էլ շատ ավելին գիտեն, քանի որ կեղծ մարգարեուհի Վասուլային են ծառայում, որն էլ ծառայում է Եհովային: Իսկ «Եհովան» անուն չէ` Աստվածաշնչում: Աստված անուն չունի և չկա մեկը Նրան հավասար, որ Նրան անունով դիմի:
Տեղին է հիշենք նաև հանուն Հիսուսի իր կյանքը դրած, հեթանոսների ամենաչարչարված առաքյալի աղաչանքով զգուշացումը, որ Աստծո դատաստանի օրվա շուտափույթ լինելը քարոզող մոլորեցնողներին նկատի ունենալով, ասում է. «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու համար դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում և չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը:
Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով, որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում և ինքն իրեն ցույց տա, թե աստված է»:
Այսինքն, հարկ էր Նեռի գալստյան զգուշացումների մասին քարոզել, որպեսզի քրիստոնյաներս չմոլորվենք, հանկարծակի չգանք՝ Գազանի որոգայթներն ընկնելով, և ո՛չ թե աշխարհի վախճանի ցայտնոտով, որպես թե` մեջտեղում Նեռ չկա, որպեսզի չէ թե` առավել ևս անպատրաստ ու պարտվող դառնանք եկած ու եկող ահռելի փորձությունների առաջ:
Այնուամենայնիվ, Նեռն իր գործընթացներով արդեն աշխարհում է, և իր ապստամբությունն է կայացնում Աստծո դեմ: Եվ որ՝ ամեն տեղ և Հայաստանում ևս պիտի պարտություն կրի, և հայ մտավորական քրիստոնյաները և իշխանության մեջ գտնվող Մայր եկեղեցու զավակները ևս պիտի մասնակից դառնան մեր այդ հաղթանակներին, այդ մասին սուրբ Սահակ Պարթևը իր տեսիլքում գրում է.
«Եվ որ արծաթե սկուտեղի վրա շրջան կազմած տղաների բազմություն երեւաց, զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետև Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ` զորությամբ ընտիր տղամարղիկ, որոնց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ` որոնք զորացած Աստծո սուրբ խոսքով և ոչինչ համարելով թագավորների զայրույթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին, աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին:
Ընդ որում, ոմանք անեղծ Աստծո փառքերը փոխելով աշխարհիս կյանքի սնոտիի ու ապականացուի հետ, ուրացողներ դարձան. բայց արդեն դռան մոտ է հասել թուլակամների կորուստը և, զորացյալների փրկության օգնությունն է հասվեհաս»: (Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը. Ղազար Փարպեցի «Հայոց Պատմություն»):
Այս ամենից ի՞նչ է խրատ մնում մեզ. Նեռը ինչ դաժանությամբ, որ բարձրացել է աշխարհը բռնատիրելու, կրկնակի դաժանությամբ էլ պիտի ընկնի Տիրոջ պատիժներով: Հարկ է մեզ մասնակից չդառնալ Նեռի համակարգված չարագործություններին, որպեսզի ազատ լինենք Նեռին ու նեռականներին սպասվող անտանելի պատուհասներից:
Հայտնության Գրքում (18:46) այդ մասին այդպես էլ զգուշացված է մեզ.
«Ելե՛ք դրա միջից ժողովուրդ իմ, որ մասնակից չդառնաք դրա մեղքերին և սպասվող պատուհասներին»: Չուշանանք:
Եվ թող որ մենք՝ քրիստոնյա հայերս էլ. «Մեր աղոթքները երբևէ՛ չենթարկենք մեղավորների կամքին», ինչպես Սաղմոսարանն է մաղթանքով ուղենշել:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ